ГлавнаяИсполнителиNune AvetisianԳլխապտույտ (Պարու
название:

Գլխապտույտ (Պարու


автор:

Nune Avetisian


рейтинг: ★★★★★ / 5.5 / 1464 просмотра
Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով...
Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ,
Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան,
Որ իմ տարիքում
Դեղձին տասն անգամ մեռած կլիներ:
Իսկ ինչպե՞ս ես դու:
Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՜ն տարի,
Որքան տեսել եմ:
Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն,
Քանի որ չկաս
Դո՛ւ
Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով:

Իմ շրթունքներից
Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ`
Մի գունդուկծիկ,
Բառերի մի պարս,
Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ:
Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն`
Թող թռչեն սիրո՛վ,
Միմիայն սիրով
Եվ մի ճախրանքով Աստվածաշնչյան,
Որի մեջ կա գոլ անապատային,
Ավազների սողք ու մտապատրանք:
Մի՞թե քո հեռվից`
Քո անտառների խոնավ օդի մեջ,
Անվերջ չես լսում խոսքերս չասված:
Իսկ թե լսում ես խոսքերս չասված`
Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ,
Որ թվում է ինձ, պիտի որ զգան
Սրբորեն հղի դեռահաս կանայք,
Որոնցից մեկին,
Միմիայն մեկին
Կարողանայի մտովին ասել.
«Դո՜ւ, իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով»:

Քիչ ենք օգտըվել մենք բարությունից:
Եվ դրանից չէ՞որ հետզհետե
Բարի եմ դառնում,
Եվ այնքա՜ն բարի,
Որ խղճում եմ ես, մենակությունն էլ:
Նա էլ է տանջվել ու հոգնել: 
Մեղք է:
Եվ ամեն մեկս բացենք մեր փեղկը,
Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից,
Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ, այնտեղ,
Ուր հանդիպում են այգն ու գիշերը:
Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,-
Ես ի՜նչ իմանամ: Գուցե գիտես դո՞ւ,
Դո՛ւ, իմ վերջի՜նը` թյուրիմացաբար,
Եվ իմ միա՜կը` ճակատագրով:

Ու ձյուն է գալիս,
Ինչ-որ ջերմ մի ձյուն.
Հյուսիսն է հղում հարավին ողջույն:
Եվ ձյան մեջ ինչ-որ բուրմունք կա գարնան,
Հեռավո՜ր մի բան,
Մի հիշողություն,
Որի բարությամբ հոգեբուժական
Չեն մեռնում, ճի՛շտ է, բայց և չեն ապրում,
Ինչպես չի մեռնում, բայց և չի ապրում
Սերս, վերջի՜նս` թյուրիմացաբար,
Բայց և միա՜կս` ճակատագրով:

Արի ինքներս մեզնից բարձրանանք`
Թույլ տանք արարքներ ինքնաժխտումի,
Փոխադարձաբար իրար նեղացնենք
Ու վիրավորենք փոխադարձաբար,
Որ կարոտն ինքը հաշտվի իրեն հետ,
Ու տառապանքը ինքն իրեն ների,
Ես էլ հավատամ, որ դու չես եղել
Ո՛չ իմ միակը` ճակատագրով,
Ո՛չ իմ վերջինը` թյուրիմացաբար:

Послушать/Cкачать эту песню
Mp3 320kbps на стороннем сайте
А как ты думаешь, о чем песня "Գլխապտույտ (Պարու" ?
2010-2020 © WebKind.Ru Тексты песен